Մասնավոր և պետական ապահովագրական կազմակերպութ...

Հայաստանի առողջապահության նախարարությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և հանրապետությունում գործող 7 ապահովագրական ընկերությունների միջև։

Հուշագրի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը՝ խթանելով պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, ինչպես նաև ապահովել համակարգի արդյունավետ և կայուն գործարկումը։  

Նախաձեռնությանը միացել են մասնավորապես՝ «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս», «ԻՆԳՈ Արմենիա», «ԷՖԵՍ», «ԼԻԳԱ Ինշուրանս» և «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնական մտայնություններից է եղել նաև պետություն և մասնավոր հատված շատ սերտ, իրար լրացնող համագործակցության ձևավորումը։

«Այն պետական բազային ապահովագրական փաթեթը, որ ձևավորվել է, դրան հավելյալ ծառայությունների շրջանակը պետք է լրացնեն մեր երկրում գործող մասնավոր ապահովագրական ընկերությունները, և ավելին՝ ավելացնենք այն պրոդուկտները, որոնք ծառայելու են թե՛ քաղաքացիների, թե՛ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը ապահովագրության մասով»,-համոզմունք հայտնեց Ավանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ համագործակցության հրավերին, ըստ էության, միացել են հանրապետությունում գործող բոլոր մասնավոր ապահովագրական ընկերությունները։

Գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ հուշագրի կնքման և համագործակցության վերջնարդյունքում շահելու է ՀՀ քաղաքացին՝ պետության կողմից ունենալով բազային անհրաժեշտ բուժօգնության ծավալի ապահովագրությունը, իսկ մասնավոր ապահովագրական ընկերություններից՝ հավելյալ ծառայություններ ստանալու հնարավորություն։

«Ես նաև ուզում եմ ընդգծել, որ մեր բարեփոխման արդյունքում շահել են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլ նաև ընդհանուր առմամբ ապահովագրական շուկան մեր երկրում։ Այս բարեփոխումը, վստահաբար, նպաստելու է Հայաստանում ապահովագրական միջավայրի է՛լ ավելի զարգացմանը և պրոդուկտների ցանկի ընդլայնմանը»,-ընդհանրացրեց Ավանեսյանը։

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համագործակցել փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական քննարկումների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ՝ միտված շահառուների սպասարկման գործընթացների կատարելագործմանը և ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման գործընթացում, քանի որ այն նպաստում է ապահովագրական շուկայի համագործակցային ընդլայնմանը, ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը և քաղաքացիների առողջապահական պաշտպանության ամրապնդմանը։