«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական մարզպետները, որոնք իշխող ուժի մարզային շտաբների ղեկավարներն են, այս օրերին առանձնակի լարվածությամբ են իրենց մարզերում սպասում նյարդային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանին: Իսկ նրանք, ովքեր արդեն հյուրընկալել են, եւ հիստերիայի մեջ գտնվող շեֆը գոհ չի մնացել, որովհետեւ հանդիպումները մարդաշատ չեն անցել, տագնապային սպասումներ ունեն, թե ինչպես է որոշվելու իրենց ճակատագիրը:
Այն մարզերում, որտեղ Փաշինյանը տհաճ պահեր է ունեցել, եւ մարդիկ նրան դավաճանության կամ այլ բանում են մեղադրել, մարզպետներն իրենց պաշտոնանկությանն են սպասում, եթե ՔՊ-ն հունիսի 7-ին վերարտադրվի:
Այս պահի դրությամբ Սյունիքը կարծես միակ մարզն է, որտեղ տհաճ միջադեպեր չեն գրանցվել, ինչից ոգեւորված` կալավանցի մարզպետը՝ Ռոբերտ Ղուկասյանը, բանուգործը թողած, ողջ օրը օգնականների ու խորհրդականների հետ դռնեդուռ ընկած, ՔՊ-ի համար քվեներ է մուրում:
ՔՊ համայնքային շտաբների պատասխանատուներն էլ, ՔՊ-ի շապիկները հագած, ողջ օրը բուկլետ են բաժանում։
Անգամ վարչության կողմից մերժված, ՔՊ ցուցակից վտարված ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է միայնակ իր քարոզարշավն անում` Կապանի գյուղերում, քանի որ բոլորին զգուշացրել են՝ որտեղ բարձր տոկոսներ խփեն, այդ մարզի ՔՊ-ականները «խերի մեջ կկորեն»։



