Հմտությունը հագուստի նման է՝ ժամանակի ընթացքո...

Մարզադպրոցներում աշխատող շուրջ 2100 մարզիչների համար կկազմակերպվեն նոր վերապատրաստման ծրագրեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց կառավարության հուլիսի 3-ի նիստի ժամանակ՝ ընդգծելով, որ վերապատրաստումներն իրականացվելու են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով՝ յուրաքանչյուրն իր մարզաձևի առանձնահատկություններին համապատասխան։

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին կազմակերպվել էր արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում, որին մասնակցել են նաև մարզադպրոցների մարզիչները։ Երկու տարվա ընթացքում 12 մարզաձևերից ատեստավորմանը մասնակցել են 272 մարզիչ-մանկավարժներ՝ տվյալ մարզաձևերի մարզիչների շուրջ 22.6 տոկոսը։ Նրանցից միայն 55-ն են ատեստավորվել՝ ընդամենը 5 տոկոսը։

«Այս արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է վերանայել գործող կարգը և իրականացնել նոր վերապատրաստումներ՝ մարզիչների պրակտիկ կարողությունները և տեսական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,-ընդգծեց նախարարը։

Նախատեսվում է, որ վերապատրաստումները կիրականացվեն արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ։ Մասնագետները կընտրվեն ըստ մարզաձևերի, իսկ վերապատրաստումներն անցկացվելու են մարզական ֆեդերացիաների համագործակցությամբ։

Նախարարը հավելեց, որ ծրագիրը լինելու է շարունակական։

«Վերապատրաստումներին ամեն տարի կմասնակցի մարզիչների 20 տոկոսը»,-եզրափակեց նախարարը։