Պետական առողջապահական քաղաքականության շրջանակում նախատեսված փոփոխությունների արդյունքում, 2026 թվականի մարտի 1-ից մեթադոնային փոխարինող բուժումը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում կտրամադրվի անվճար՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում՝ ապահովելով ծրագրի առավել լայն հասանելիություն և հավասար հնարավորություններ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։
«Հայաստանի Հանրապետությունում մեթադոնային փոխարինող բուժումը (ափիոնատիպ նյութերից փոխարինող թերապիա) ներդրվել է 2009 թվականից և հանդիսանում է կախվածությունների բուժման և վնասների նվազեցման պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահական հաստատություններում՝ մասնագիտացված կենտրոնների միջոցով, և ուղղված է ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց բուժմանը, նրանց առողջական վիճակի կայունացմանը, սոցիալական ինտեգրմանը և համաճարակաբանական ռիսկերի նվազեցմանը։
Մեթադոնային փոխարինող բուժումն իրականացվում է բժշկական հսկողության ներքո՝ սահմանված կլինիկական ուղեցույցներին համապատասխան։ Ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում է դեղորայքային բուժում, իրականացվում է բժշկական մշտադիտարկում և տրամադրվում է սոցիալ-հոգեբանական խորհրդատվական աջակցություն», - ասվում է կենտրոնի հաղորդակցության մեջ։



