ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ, և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:
«Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում: «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:
Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:
Նշվում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը: