
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել, տեղական Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հենց դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա կողքին, ինչպես ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես պարզաբանել է Valeurs Actuelles հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին, անհայտ անձինք հարձակվել են հյուպատոսության տարածքի վրա՝ օգտագործելով Մոլոտովի կոկտեյլներ։
«Ըստ ոստիկանության աղբյուրների՝ այսօր առավոտյան երկու Մոլոտովի կոկտեյլ են նետել հյուպատոսության այգին։ Մոտակայքում հայտնաբերվել է գողացված մեքենա»,- նշված է նյութում։
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչության են հիշեցնում. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Ռուսաստանը պահանջում է, որ ֆրանսիական կողմը համապարփակ միջոցներ ձեռնարկի հետաքննության համար:
«Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ունեն ահաբեկչական հարձակման բոլոր նշանները»,- ասել է դիվանագետը։