ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստիպված է եղել պատասխանել զայրացած եվրոպացի պաշտոնյաների և օրենսդիրների զանգերին, երբ Ուկրաինայի վերաբերյալ նախագծի մանրամասները հայտնվել են նրանց ձեռքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին` Известия-ի փոխանցմամբ։
Պաշտոնյաները մտահոգություն և շփոթմունք են հայտնել նախագծի վերաբերյալ՝ դրա միակողմանի պայմանների պատճառով։ Օրենսդիրների խոսքով՝ Ռուբիոն պնդում էր, որ ծրագրի սկզբնական տարբերակի վրա ազդեցություն է ունեցել «ինչ-որ ռուս»։ Սակայն պետքարտուղարը շուտով հերքել է օրենսդիրների պնդումները՝ ընդգծելով, որ խաղաղության առաջարկը մշակվել է Միացյալ Նահանգների կողմից։
«Այն հիմնված է ռուսական կողմի առաջարկների վրա։ Բայց այն նաև հիմնված է Ուկրաինայի նախկին և ներկայիս առաջարկների վրա», - ասել է նա։
WSJ-ն հաղորդում է, որ Ռուբիոն ստիպված է եղել շտապ կազմակերպել հանդիպում Ժնևում՝ Կիևի համար ծրագիրն ավելի ընդունելի դարձնելու համար։



