Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել միջոցառման բացման խոսքով։
Նախագահի ելույթը.
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ձեզ ողջունել այս միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կողմից։
Երախտապարտ եմ Կատարի Պետությանը և մեր բոլոր գործընկերներին՝ այս հարթակը տրամադրելու համար, քննարկելու կենսաբազմազանության պահպանման, աղքատության հաղթահարման և կայուն զարգացման փոխկապակցվածությունը։
Այսօր մարդկության կարևորագույն մարտահրավերն է հաղթահարել աղքատությունը՝ պաշտպանելով մեր կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերը։
Այս մարտահրավերը հասցեագրելու համար ավանդական գիտելիքն ու բնահենք լուծումները կարող են հստակ ճանապարհ հարթել աղքատության հաղթահարման համար՝ պահպանելով մարդկանց և բնության միջև ներդաշնակ հարաբերություն։ Դրանք հիշեցնում են, որ կայուն զարգացումն ու պահպանումը հակասական տարրեր չեն, այլ նույն մեդալի երկու կողմեր են։ Կարևոր է ճանաչել և խթանել այսպիսի լավագույն փորձը, որպես արդյունավետ գործիք՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի նպատակներին և թիրախներին հասնելու, ինչպես նաև դիմակայուն և բարգավաճող համայնքների խթանման համար։
Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը խորապես հանձն է առել ապահովել, որ այս ընկալումը ձևավորի բնահենք լուծումները համաշխարհային գործողությունների վերածելու մեր հավաքական ուղին։ Միասին աշխատելով, կամրջելով գիտությունը, նորարարությունն ու ավանդականը՝ մենք կարող ենք կենսաբազմազանության պահպանումը դարձնել սոցիալական արդարության և աղքատության վերացման շարժիչ ուժ։
Հուսով ենք, որ այսօրվա քննարկումը կնպաստի այս գործընթացի համար արժեքավոր գաղափարների և լուծումների վերհանմանը։
Շնորհակալ եմ»։



