
Հայաստանի պատմության մեջ երբեք չեն իրականացվել այս ծավալի անվտանգության միջոցառումներ մեկ ղեկավարի համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի շարժն այսօր ոչ միայն ուղեկցվում է հատուկ ջոկատայինների ու զրահապատ մեքենաների շարանով, այլև իր անցած ճանապարհին հնչում են ահազանգեր՝ մահվան, վրաերթի, վթարների մասին։ Դա սովորական չէ. սա արդեն անվտանգություն չէ, այլ՝ վախից ծնված մոլուցք։
2021 թվականի մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի մասնակից էր դարձել և վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց։
2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում, տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն․ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա Պրադո»-ն վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջը։ Տեսախցիկները արձանագրել են՝ կինը անցնում էր հետիոտնային անցումով, մեքենան անցավ ուղիղ նրա վրայով, իսկ Փաշինյանի մեքենան այդ պահին սառը կերպով շարունակեց երթևեկությունը՝ անգամ չկանգնելով։ Կինը և նրա դեռ չծնված երեխան մահացան տեղում։ Ոստիկանությունը՝ մոտ կանգնած, որևէ քայլ չձեռնարկեց կանխելու ողբերգությունը։
Եվ սա դեռ ամենը չէ։
Արդեն այս տարվա հունիսի 8-ին «Hraparak.am»-ը հայտնեց՝ Սյունիքից վերադառնալիս Փաշինյանի շարասյունը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել՝ վրաերթի ենթարկելով քաղաքացի Յուրիկ Շահնազարյանին։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժել են նաև վարչապետի թիկնապահներից մի քանիսը։
Փաշինյանի շարասյանը արդեն հնարավոր չէ վստահել։ Այսօր նրա շքախումբն ավելի շատ հիշեցնում է օկուպանտ ուժերի ավտոշարասյան, որոնք ներխուժում են թշնամական բնակավայր, քան վարչապետի ավտոշարասյան բնական երթևեկություն։ Եվ այս ամենի պատճառը մեկն է՝ Փաշինյանը պարզապես սարսափում է։
Այս ընթացքում մամուլը հասցրել է արձանագրել, որ Փաշինյանը տասնյակներով ավելացրել է իր թիկնազորի թվաքանակը, իսկ իր անվտանգությունը ապահովող կառույցը՝ ՊՊԾ-ն, առանձնացրել է ԱԱԾ-ից և այն վերածել անձամբ իրեն ենթակա մարմնի։
Ինչու՞ է այսքան վախեցած։Որովհետև նա գիտի՝ ինչ է արել։ Գիտի, որ կործանել է Արցախը, ապակայունացրել երկիրը, խորացրել պառակտումը։
Ու երբ ղեկավարը գիտի, թե ինչ դավաճանություն է գործել սեփական ժողովրդի հանդեպ՝ նա շրջում է զրահապատ մեքենաներով, ու այդ ճանապարհին՝ մարդիկ մահանում են։
Այսօր Հայաստանի բնակիչը պետք է ոչ միայն մտահոգվի գազի, հացի ու պատերազմի հարցերով, այլ՝ զգուշանա նաև Փաշինյանի շարասյունից։ Քանի որ ամեն անգամ նրա մեքենաների անցնելը կարող է մեկ այլ քաղաքացու կյանք արժենալ։