«Կասկադի տարածքում տնկելու համար հատուկ են ընտրվել ոչ շատ մեծ սաղարթով ծառեր՝ սակուրաներ, քանի որ մայթը նեղ է, բացի այդ՝ փողոցի շարունակությունում արդեն շուրջ 10 տարի կային սակուրաներ, այսպիսով քաղաքային իշխանությունը ցանկացել է պահել փողոցի գեղագիտական տեսքը»,-այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի ավագանու գործակարգավարական նիստում:
Բեգոյանը նշեց դրդապատճառները, թե ինչու են այդ փողոցում ընտրվել սակուրա ծառատեսակները․«Նախ մայթն այդտեղ բնաբաժակից մինչև շենքի պատ մեկ մետր է, շատ նեղ է: Մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մասնավորապես մարդկանց լույսը պետք է չփակվի և այլն »,-ասաց Բեգոյանը:
Ըստ նրա՝ մեծ սաղարթով ծառերը այդտեղ չէին տեղավորվի, բացի այդ էլ՝ ընդամենը մի քանի տարի հետո իրենց հզոր արմատային համակարգով կքնադեին շենքի հիմքը, նաև կփակեին շենքում ապրող քաղաքացիների լույսը:
Նա սակուրա տնկելու ևս մեկ դրդապատճառ է նշում՝ այն, որ արդեն գրեթե 10 տարի փողոցի շարունակությունում տնկված են սակուրաներ: «Դրանցով մեր Երևանի քաղաքացիները հմայվում են: Եվ շատ շուտով կսկսեն նկարվել և տեղադրել իրենց սոցիալական ցանցերում: Ամբողջ փողոցի գեղագիտական տեսքը պաշտպանելու համար մենք կարծում ենք, որ փողոցները պետք է պատված լինեն մեկ տեսակի ծառատեսակներով, ամեն փողոց՝ մեկ տեսակի»,-ասաց Բեգոյանը:
Եվս մեկ դրդապատճառ նա նշեց այն, որ այնտեղ գտնվում է Թամանյանի արձանը: «Մեծ Թամանյանը մեր վարդագույն Երևանը գծագրող ճարտարապետն է: Սակուրները ծաղկման շրջանում ունեն վարդագույն գույն»,-ասաց նա: