Մենք ուզում ենք առիթից օգտվել և շնորհավորել կենսաթոշակառու ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցներին՝ առ այն, որ նրաց ավելի քան կես տարի տևած պայքարը սկսում է իր առաջին արդյունքները տալ։ Այս մասին փետրվարի 26-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով՝ նախորդ 7 տարիների ընթացքում կենսաթոշակները դեռ ոչ մի անգամ այսքան զգալի չէին բարձրացվել։ Չալաբյանը նաև հիշեցրել է, որ «Հայաքվեն» կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը սկսել էր դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ «Մենք խոսել ենք այն մասին, որ մեր երկրում կենսաթոշակներն անթուլատրելի, չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական, չհիմնավորված նպատակների վրա՝ փոխանակ օգտագործվեն մեր բազմահազարանոց քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր գործիչը բաց չի թողել առիթը՝ Կառավարության ղեկավարի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին հայտարարությունները հիշեցնելու համար, որոնք կենսաթոշակների բարձրացման իմաստի բացակայությունը հիմնավորում էին «հիբրիդային պատերազմով» և թոշակառուների կողմից այդ միջոցների արդյունավետ իրացման անհնարինությամբ։ «Փառք Աստծո, այդ անհեթեթ կուրսը, որը իրենք որդեգրել էին, երեկ վերջապես եկավ իր տրամաբանական ավարտին, երբ նրանք ընդունեցին այն, ինչը, որ բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուները, բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում են ապրում և նրանց խնդիրները պետք է սկսել լուծել»,- ասել է Չալաբյանը:
Սակայն, հասարակական գործչի կարծիքով, չնայած բոլոր դրական կողմերին, այս քայլը լիովին կարելի է համարել ուշացած և բացարձակապես կիսատ-պրատ։ «Իշխանությունները սարսափում են հենց միայն այն մտքից, որ թոշակառուները կարող են քվեարկել իրենց դեմ։ Ուստի, որպես նախընտրական կաշառք, նրանք որոշեցին կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնել 10 հազար դրամով։ Իսկ թոշակառուները պարզապես կվերցնեն փողը և կքվեարկեն նրանց դեմ», - համոզված է քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրը:



