Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայա...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ։

Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նա նշեց, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը միտված է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացման օրակարգին՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային անվտանգության գործնական աջակցություն տեղում։

Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին։ Նրա խոսքով՝ արդեն համաձայնեցվել և ավարտին է հասցվել առաջին միջոցառումը, որի շրջանակում իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։

ԵՄ դեսպանը նշեց, որ խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է՝ ընդգծելով, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով։ Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներ են նաև կազմակերպչական կարողությունները, գործառնական ֆունկցիոնալությունը, թիկունքային ապահովումը և բուժծառայությունը։

«Մենք աջակցում ենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ համագործակցելով Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ և կիսվում ենք Եվրամիության փորձառությամբ»,- ասաց նա։

Դեսպանը հայտնեց, որ կողմերը համաձայնության են եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին։ Նրա գնահատմամբ՝ այս եղանակով Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից։

«Իրական գործընկերությունը հենց դրա մասին է՝ համատեղ դասեր քաղել, միավորել ռեսուրսները և միասին աշխատել խաղաղության ու անվտանգության համար»,-ընդգծեց ԵՄ դեսպանը։