ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Խնդրին տեղյակ է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Առողջապահության նախարարի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ այդ թվում շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։
Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա, և նրա մոտ գանգրենա է առաջանում։ Բացի այդ՝ Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին։



