Մենք կկարողանանք առանձին կարգով սահմանել այն դեպքերը, երբ տվյալ բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք ունեն ուսուցիչ աշխատելու ցանկություն, սակայն մանկավարժական լրացուցիչ 30 կրեդիտ հավաքագրելու խնդրի առաջ են կանգնած:
Այս մասին հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս հնարավորությունն ընձեռվեց 2022 թվականի օրենսդրական փոփոխությամբ, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք կարող են ուսուցիչ աշխատել, եթե մանկավարժական 30 կրեդիտ հավաքեն, բայց բաց է մնացել ենթաօրենսդրական կարգավորումը:
Այս ընթացքում մի քանի հարյուր քաղաքացի օգտվել է այս հնարավորությունից, որոնք ունեին համապատասխան բնագավառներում բարձրագույն մասնագիտական կրթություն, սակայն չունեին մանկավարժի որակավորում, անցել են երաշխավորված 30 կրեդիտի դասընթացներով և հաջողությամբ աշխատում են: Սակայն այս գործընթացի ժամանակ ակնհայտ դարձավ, որ որոշակի կարգավորումների կարիք կա, օրինակ՝ ո՞րը պետք է համարվի տվյալ ուղղությամբ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է հաշվարկվեն կրեդիտները»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ գործընթացի արդյունքներն արդեն տեսանելի են ու բազմաթիվ քաղաքացիներ համալրում են ուսուցչական տեղերը: