Մանասյանը հյուրընկալել է Երևանի Ջոն Կիրակոսյա...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 30-ին հյուրընկալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դպրոցականներին է ներկայացրել Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:  

«Չափազանց կարևոր և ուրախալի է, որ հետաքրքրված եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, քանի որ որևէ ոլորտում հնարավոր չէ հասնել իրական և կայուն հաջողությունների՝ առանց մարդու իրավունքների վերաբերյալ բավարար գիտելիքների։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածությունը մեզ օգնում է ձևավորել հանդուրժող, ներառական և խտրականությունից զերծ միջավայր», - նշել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքի իրացման վերաբերյալ։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ: