
Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը։
Այս մասին նշված է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մալթան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը, որը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման հասնելու համար։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին երկխոսությանն ուղղված նրանց նվիրվածության և վերջնական համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար»,-իր գրառման մեջ նշել է Իեն Բորջը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։