ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին չի քննարկվում։ Այս մասին նա հայտարարել է Ռեյկյավիկում Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոութիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը տարածել է DRM News-ը։
«Հենց հիմա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ, քանի որ, ակնհայտորեն, կա փոխհամաձայնության գործընթաց, որը պետք է տեղի ունենա, որպեսզի այդ գործընթացը լինի միաձայն», - նշել է պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Նա նշել է հակամարտության կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու ԱՄՆ-ի ձգտումը։



