
Մալթան Պաղեստինի Պետության ճանաչման մասին կհայտարարի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան:
«Կառավարությունը որոշում է կայացրել, որ առաջիկա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում մեր երկիրը կճանաչի Պաղեստինի Պետությունը…. Մեր դիրքորոշումն արտացոլում է մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հասնելու ջանքերին», - գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:
Աբելան հավելել է, որ երկու պետության բանաձևով մերձավորարևելյան ճգնաժամի լուծմանը նվիրված Նյու Յորքում այժմ անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհայտնի երկրի այս որոշման մասին։
Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։