Մալայզիայի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվե...

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որը 2022 թվականից բանտարկված է, մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման և փողերի լվացման բոլոր մեղադրանքներով՝ կապված 1MDB հիմնադրամին առնչվող բազմամիլիարդանոց սկանդալի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռազակը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման 4 և փողերի լվացման 21 մեղադրանքներով։

1MDB-ն պետական հիմնադրամ է, որը Նաջիբ Ռազակը համահիմնադրել է 2009 թվականին՝ պաշտոնավարման ժամանակ։ Մալայզիայի և ԱՄՆ քննիչների պնդմամբ՝ հիմնադրամից հափշտակվել է առնվազն 4,5 միլիարդ դոլար։ Ավելի քան 1 միլիարդ դոլար, ենթադրաբար, հայտնվել է նախկին վարչապետի հետ կապված հաշվեհամարներին։ Նաջիբ Ռազակը հերքում է իր մեղքը։

Դատարանը նշել է, որ մեղադրյալի պնդումը, թե այս մեղադրանքները վհուկների որս էին և քաղաքական դրդապատճառներ ունեին, հերքվել է նրա դեմ ներկայացված սառը և անհերքելի ապացույցներով, որոնք «մատնանշում են, որ մեղադրյալը չարաշահել է իր հզոր դիրքը 1MDB-ում»։

Նաջիբը կարող է դատապարտվել առավելագույնը 15-20 տարվա ազատազրկման յուրաքանչյուր մեղադրանքի համար, ինչպես նաև կարող է պարտավորվել վճարել ենթադրաբար յուրացված գումարի մինչև հինգ անգամ ավելի մեծ չափով տուգանք, նշում է Reuters-ը։

72-ամյա Նաջիբը բանտում է 2022 թվականի օգոստոսից, երբ Մալայզիայի բարձրագույն դատարանը ուժի մեջ թողեց նրան մեղավոր ճանաչելու որոշումը՝ 1MDB ստորաբաժանումից անօրինական միջոցներ ստանալու գործով։ 2024 թվականին այդ գործով նրա 12 տարվա ազատազրկման պատիժը ներման խորհրդի որոշմամբ կիսով չափ կրճատվել էր։

Նաջիբը 2024 թվականին ներողություն է խնդրել պաշտոնավարման ընթացքում այս սկանդալը ոչ ճիշտ կերպով հասցեագրելու համար։ Նա բազմիցս կրկնել է, որ 1MDB պաշտոնյաները և ​​ֆինանսիստ Ջհո Լոուն իրեն մոլորեցրել են միջոցների աղբյուրի վերաբերյալ։

Լոուն, որին Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել գործում իր կենտրոնական դերի համար, հերքում է բոլոր մեղադրանքները. նրա գտնվելու վայրը անհայտ է։

Նաջիբ Ռազակը Մալայզիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-2018 թվականներին։