Եվրոպայում տարիներ շարունակ խոսում էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սկզբունքայնության մասին, բայց Ալիշեր Ուսմանովի պատմությունը ցույց տվեց, որ քաղաքական շահը կարող է այդ սկզբունքները շատ արագ երկրորդ պլան մղել։
Reuters-ի տվյալներով՝ Ֆրանսիան ԵՄ-ում պահանջել է պատժամիջոցների ցուցակից հանել ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին այն բանից հետո, երբ Փարիզը, եվրոպացի դիվանագետների փոխանցմամբ, ճնշման էր ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Բաքվում այդ ժամանակ պահվում էին Ֆրանսիայի քաղաքացիներ։ Ադրբեջանի իշխանությունները հերքել են ճնշման մասին պնդումները, սակայն Ուսմանովին ցուցակից հանելու օգտին Իլհամ Ալիևը հանդես էր եկել նաև նախկինում։
Financial Times-ն ավելի հեռուն է գնում՝ գրելով, որ Ֆրանսիայի պահանջը կապված էր Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածության հետ՝ Ուսմանովի նկատմամբ սահմանափակումների վերացում՝ Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման դիմաց։ Le Monde-ը ևս Ուսմանովի հարցը կապում է Փարիզի և Բաքվի միջև բանտարկված ֆրանսիացիների շուրջ բանակցությունների հետ։
Արդյունքում Ֆրանսիան հասավ իր պահանջին․ սեպտեմբերի 22-ին ԵՄ երկրները համաձայնեցին Ուսմանովին հանել պատժամիջոցների ցուցակից։ Իսկ հաջորդ օրը Իլհամ Ալիևը ներում շնորհեց Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով տասը տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին։ Փարիզը դա անվանեց «մարդասիրական ժեստ», մինչդեռ Reuters-ը հիշեցնում է դրան նախորդած բանակցությունների և Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի վրա ճնշման մասին եվրոպացի դիվանագետների պնդումները։
Բայց այստեղ կա պատմության մյուս՝ ոչ պակաս ուշագրավ կողմը. Ալիշեր Ուսմանովը Բաքվի համար պատահական միլիարդատեր չէ։
Le Monde-ը գրում է, որ Ադրբեջանը վաղուց է պայքարում Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների վերացման համար։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ մինչև 2022 թվականը Ուսմանովն ու Իլհամ Ալիևը հանդիպում էին նույն գերշքեղ միջավայրում՝ Սարդինիայի Cala di Volpe հյուրանոցում։
Առավել տեսանելի են Ուսմանովի ընտանեկան շրջապատի և Ալիևների հարաբերությունները։ Նրա նախկին կինը՝ Իրինա Վիները, երկար տարիներ սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ։ 2019 թվականին Իլհամ և Մեհրիբան Ալիևները նրան պաշտոնապես ընդունել են Բաքվում, իսկ Ադրբեջանի նախագահը Վիներին պարգևատրել է «Դոստլուգ»՝ «Բարեկամություն» շքանշանով։ Ալիևը հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել նրան Ադրբեջանում գեղարվեստական մարմնամարզության դպրոցի ստեղծման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Այս ամենը չի ապացուցում Ուսմանովի և Ալիևների միջև ազգակցական կամ ֆինանսական կապ, բայց ցույց է տալիս տարիներով ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների շրջանակը։ Իսկ առավել խոսուն է իրադարձությունների հերթականությունը. Բաքուն տարիներ շարունակ պաշտպանում է Ուսմանովին, Ֆրանսիան պահանջում է հանել նրան պատժամիջոցներից, ԵՄ-ն համաձայնում է, իսկ հաջորդ օրը Ալիևը ազատ է արձակում Ֆրանսիայի քաղաքացուն։
Եվրոպացի որոշ պաշտոնյաներ հենց այս պատճառով մտահոգություն են հայտնել, որ ստեղծվել է վտանգավոր նախադեպ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարարը զգուշացրել է, որ նման որոշումը կարող է ազդակ լինել, թե ԵՄ-ն ենթակա է արտաքին ճնշման։
Այս պատմության մեջ, հետևաբար, հարցը միայն Ուսմանովը չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է Բաքուն իր համար կարևոր հարցը հասցնել մինչև եվրոպական պատժամիջոցների քաղաքականության սեղան, իսկ Ֆրանսիան՝ մի երկիր, որը հրապարակավ խիստ քննադատական հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ, գործնական քաղաքականության մեջ գնալ այնպիսի քայլի, որն ակնհայտորեն համապատասխանում էր հենց Ալիևի վաղեմի պահանջին։



