
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Իրանում իշխանությունն արտաքին ուժով փոխելու ցանկությունը ռազմավարական սխալ է։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Բոլորն, ովքեր հավատում են, թե իբր հնարավոր է փրկել երկիրը նրա կամքին հակառակ՝ հարված հասցնելով դրսից, միշտ սխալվել են», - ասել է Մակրոնը լրագրողներին Կանադայում Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում։
Նրա խոսքով՝ «բոլորն, ովքեր անցյալում փորձել են փոխել վարչակարգերը հարվածների կամ ռազմական գործողությունների միջոցով, թույլ են տվել ռազմավարական սխալներ»։
«Փորձը մեզ դա է ցույց տալիս», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մեկնաբանելով Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը՝ Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել զերծ մնալ քաղաքացիական օբյեկտներին հարվածներից։
«Բացարձակապես անհրաժեշտ է, որ երկուստեք բոլոր հարվածներն էներգետիկ ենթակառուցվածքին, մշակութային և վարչական օբյեկտներին, իսկ առավել ևս քաղաքացիական բնակչությանը, դադարեցվեն», - ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծիք էր հայտնել, թե Իրանում իշխանությունը թույլ է և կարող է փոխվել բավականին արագ։ Պատասխանելով հարցին՝ արդյոք Թեհրանում իշխանափոխությունը կարող է դառնալ իսլամական հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության ուղղակի հետևանքը, քաղաքական գործիչը հնարավոր էր համարել նաև այդ սցենարի հավանականությունը: