
Ֆրանսիան պատրաստ է քննարկել իր միջուկային պաշտպանության տարածումը եվրոպական գործընկերների վրա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ի հեռուստաուղերձում, որի ընթացքում զգուշացրել է, որ Եվրոպան պետք է ընդունի Ռուսաստանից եկող սպառնալիքի առկայությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մեր միջուկային զսպումը պաշտպանում է մեզ. այն ամբողջական է, ինքնիշխան, լիովին ֆրանսիական։ Բայց արձագանքելով Գերմանիայի ապագա կանցլերի պատմական կոչին, ես որոշել եմ բացել ռազմավարական քննարկում մեր զսպման միջոցով Եվրոպա մայրցամաքում մեր դաշնակիցների պաշտպանության թեմայով», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիան և Բրիտանիան Եվրոպայի միակ միջուկային տերություններն են։ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկած էր հայտնել այն առումով, որ ՆԱՏՕ-ն մինչև հունիս կմնա իր «ներկայիս ձևով», և կողմ էր արտահայտվել Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելուն՝ նրանց միջուկային պաշտպանության ընդլայնման շուրջ։
Հեռուստաուղերձում Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ավելի մեծ գումար կծախսի պաշտպանության վրա և կշարունակի օգնել Ուկրաինային։ Նա մտահոգություն է հայտնել Ռուսաստանի առնչությամբ և ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության առնչությամբ։ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «կմնա մեր կողքին»՝ հավելելով, որ եթե այդպես չլինի, Եվրոպան պետք է պատրաստ լինի։
«Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար.... Դրան հետևելը և ոչինչ չանելը խելագարություն կլինի», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կմեծացնի պաշտպանական ծախսերը, չնայած չի ասել, թե որքանով։ Նա նշել է, որ այդ ծախսերը ֆինանսավորելու համար հարկերի բարձրացում չի լինի, սակայն պետք է բարդ ընտրություններ կատարվեն։
Բրիտանիան և Գերմանիան նույնպես հայտարարել են պաշտպանական ծախսերը մեծապես ավելացնելու պլանների մասին։
Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան մտադիր են Ուկրաինայի հետ վերջնական տեսքի բերել խաղաղության պլանը, որը պետք է ներկայացվի Միացյալ Նահանգներին։ Ըստ աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։