Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայի տարածաշրջանում՝ հակառակ ԱՄՆ-ի հայտարարությունների։ Այս մասին Մակրոնն ասել է մի շարք եվրոպական հրատարակությունների հետ հարցազրույցում:
«Ոչ ոք չպետք է մոլորության մեջ ընկնի՝ մտածելով, թե ԱՄՆ-ի իրական մտադրությունը պարզապես աշխարհաքաղաքական սպառնալիքին հակազդելն էր։ Սպառնալիք չեն ներկայացրել ո՛չ ռուսները և ո՛չ էլ չինացիները», - Մակրոնի խոսքերն է մեջբերել El Pais թերթը։
Մակրոնի պնդմամբ՝ անցկացված հետախուզական գնահատականը ցույց է տվել, որ Գրենլանդիայի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի նավերի ու սուզանավերի թվաքանակն աննշան է։
Հունվարի 4-ին Վենեսուելայի դեմ գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայում նույնպես ԱՄՆ-ի կարիքն ունեն, քանի որ, նրա խոսքով, դանիական կղզին շրջապատված է Չինաստանի և Ռուսաստանի նավերով։ Թրամփն այն ենթադրությունն է արել, որ եթե Միացյալ Նահանգները չստանա դանիական ինքնավար տարածքը, ապա այն կարող է անցնել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի համար «ռուսական սպառնալիքը» վերացնելու մտադրության մասին, քանի որ, նրա պնդմամբ, Դանիան քայլեր չի ձեռնարկել այս հարցում։



