Մակրոն. ֆրանսիական ընկերությունները պատրաստ ե...

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում Ղազախստանը կարող է հույս դնել ֆրանսիական ընկերությունների մասնակցության վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման արդյունքներով։

«Ղազախստանը կարող է Ասիայի և Միջերկրական ծովի միջև նոր լոգիստիկ միջանցքի ստեղծման նախագծում հույս դնել ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ մասնակցության վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնը, ով պաշտոնական այցով գտնվում է Աստանայում։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Փարիզն ու Աստանան պետք է արագացնեն ռազմավարական գործընկերության զարգացման տեմպերը։

«Մեր համագործակցության համար լավ հիմքեր են դրվել, սակայն անհրաժեշտ է այն լրացնել և արագացնել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիական բիզնեսը Ղազախստանի բոլոր մատակարարների շարքում ութերորդն է, իսկ արևմտաեվրոպական մատակարարների թվում՝ երրորդը (Գերմանիայից և Իտալիայից հետո): Փարիզում Ղազախստանի դեսպանատան տվյալներով՝ 2005 թվականից հանրապետությունում ֆրանսիական կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է 17 միլիարդ դոլարը։