
ՄԱԿ-ը տեղյակ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «աճող լարվածության» մասին և հույս ունի, որ կողմերը վեճերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև աճող լարվածության մասին, որը ուղեկցվում է երկու երկրներում տեղի ունեցող միջադեպերով։ Մենք հույս ունենք, որ այդ ամենը կլուծվի դիվանագիտական ուղիներով, և որ լրագրողական գործունեության ազատությունը կապահովվի», - ասել է Դյուժարիկը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքում։
Հունիսի 27-ին ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների՝ կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։ Ձերբակալությունների ընթացքում երկու մարդ մահացել էր։ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին։
Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ։ Հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում, որի ղեկավարը և գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։
Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև ՌԴ 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործությունների մեջ։
Ռուսաստանում էլ բերման է ենթարկվել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկիին, որին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։