Միավորված Ազգերի Կազմակերպությունը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ՝ 10-րդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Համատեղ նամակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեայի նախագահն առաջարկել են առաջադրել թեկնածուներ՝ 2027 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ստանձնելու համար։
Փաստաթղթում նշվել է, որ որևէ կին երբեք չի զբաղեցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հետևաբար, անդամ պետություններին «խրախուսվում է լրջորեն քննարկել կին թեկնածուների առաջադրման հարցը»:
«Մենք նշում ենք տարածաշրջանային բազմազանության կարևորությունը գլխավոր քարտուղարների ընտրության գործում», - նշվել է փաստաթղթում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հրապարակայնորեն հայտարարված թեկնածուների թվում են Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն արգենտինացի Ռաֆայել Գրոսին։
Վետոյի իրավունք ունեցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան, պետք է համաձայնության գան թեկնածուի հարցում։
2017 թվականի հունվարի 1-ին Անտոնիու Գուտերեշն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2021 թվականի հունիսի 18-ին նա վերընտրվել է նոր ժամկետով, որը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։



