Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ-ի հանձնաժողովն այսօր հրապարակել է եզրակացություններ Ադրբեջանի, Բենինի, Նիկարագուայի, Սլովակիայի, Սուրինամի, ԱՄՆ-ի եւ Զիմբաբվեի վերաբերյալ՝ իր վերջին նիստում այդ մասնակից պետությունների դիտարկումից հետո: Այս մասին տեղեկանում ենք իրանական parstoday.com լրատվականից։
Եզրակացությունները պարունակում են Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կատարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաեւ դրական ասպեկտները:
ՄԱԿ-ի հանձնաժողովը նաեւ առաջարկել է Ադրբեջանին հետաքննություն անցկացնել ղարաբաղյան հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Հաշվի առնելով 2020 թվականին եւ դրանից հետո Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ հանձնաժողովը խորապես անհանգստացած էր ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հաղորդագրություններից, որոնք իրականացվել են ռազմագերիների եւ պաշտպանության տակ գտնվող հայկական էթնիկ կամ ազգային ծագումով այլ անձանց նկատմամբ։ Նրան նաեւ տագնապեցրել են հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, հուշարձանների, տեսարժան վայրերի եւ գերեզմանատների ոչնչացման մասին հաղորդումները: Նա խորհուրդ է տվել, որ մասնակից պետությունը մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնի մարդու իրավունքների բոլոր խախտումների վերաբերյալ եւ ակտիվացնի պատասխանատվությունն ապահովելու եւ անպատժելիությանը վերջ տալու իր ջանքերը:



