ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը UNICEF-ի գո...
Հուլիսի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ։ Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։
 
Ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ խափանելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։ Նշվել է, որ, Լեռնային Ղարաբաղը շրջափակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30 000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել։
 
Կարևորելով հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցում UNICEF-ի գործառույթները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը երեխաների առաջնային կարիքները հոգալու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։