Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է կազմակերպության Տնտեսական ու սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը։
Այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար։
«Նա նշեց, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը հանդիսանում են կենսաբազմազանության գործողությունների կարևոր հենասյուներից մեկը՝ փոխկապակցելով պարենային անվտանգությունը, կլիմայական դիմակայունությունը, գյուղական զարգացումը, աղքատության կրճատումը և էկոհամակարգերի ամբողջականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպան Պարույր Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ COP17 Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության քարտուղարությունների հետ՝ նախաձեռնություններ իրականացնելու, որոնք կխթանեն ագրոպարենային համակարգերի դերը կենսաբազմազանության պահպանման գործում և կաջակցեն բնական ռեսուրսների ավելի կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ գործողություններին։



