Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերը մատնանշում են գործողություններ, որոնք կարող են համարվել մարդկության դեմ հանցագործություններ, ասվում է ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ։
Հունվարի 30-ին ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարեց Էփշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հրապարակված տվյալների ընդհանուր ծավալը գերազանցում է 3.5 միլիոն ֆայլը։ 2019 թվականին Էփշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրվեց անչափահասների սեռական շահագործման համար։ Նույն թվականի հուլիսին նա մահացավ բանտում. հետաքննությունը եզրակացրեց, որ նա ինքնասպան է եղել։
«Կանանց և աղջիկների նկատմամբ այս վայրագությունների մասշտաբները, բնույթը, համակարգվածությունը և միջազգային ազդեցությունը այնքան լուրջ են, որ դրանցից մի քանիսը կարող են համապատասխանել մարդկության դեմ հանցագործությունների իրավական չափանիշներին», – ասվում է փորձագետների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքում։



