
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թեհրանի խնդրանքով արտակարգ նիստ է անցկացնում՝ Իրանին Իսրայելի հասցրած զանգվածային հարվածներից հետո, հաղորդում է РИА Новости-ն։
Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության թիրախը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներն են։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզում և Ֆորդոյում տեղակայված ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանում, Սպահանում, Թավրիզում և Իրանի այլ խոշոր քաղաքներում։
Հարձակումների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ-Ալի Ռաշիդը և այլ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև վեց միջուկային գիտնականներ։ Պայթյուններ են գրանցվել նաև Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իրանական գործակալությունների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։