Մադուրոն խոսել է ԱՄՆ-ի կողմից նավթատար նավի ա...

Երեկ նրանց դիմակն ընկավ։ Խոսքը ոչ թե անվտանգ տների, ավազակախմբերի կամ թմրանյութերի մասին էր, այլ՝ նավթի, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից նավթատար նավի առգրավման մասին։

«Կարիբյան ծովի մոտ գտնվող միջազգային ջրերում հարձակման, առգրավման և թալանման է ենթարկվել քաղաքացիական առևտրային նավ, որը միջազգային շուկաներ էր տեղափոխում 1.9 միլիոն բարել վենեսուելական նավթ։ Անձնակազմն առևանգվել է և մինչ օրս անհետ կորած է։ Այս արարքը համարվում է ծովահենության հանցավոր դրսևորում», - նշել է Մադուրոն։

Նա ընդգծել է, որ Վենեսուելան խստորեն դատապարտում է այն և կձեռնարկի բոլոր իրավական և դիվանագիտական ​​միջոցները՝ իր նավերը պաշտպանելու և իր նավթի ազատ առևտուրն ապահովելու համար։

«Ոչ մի պատերազմ նավթի համար։ Ոչ մի արյունահեղություն նավթի համար։ Սա միայն մեր ուղերձը չէ. ամերիկացի ժողովրդի 70%-ը դեմ է այս բռնությանը և մերժում է Կարիբյան ավազանում ռազմականացված և ծայրահեղական սրացումը», - ասել է Վենեսուելայի նախագահը։