
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն Իսրայելին կոչ է արել թույլատրել օգնության առաքումը Գազա ցամաքային ճանապարհով, քանի որ միայն օդային ճանապարհը բավարար չէ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսպանիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ալբարեսը հաստատել է, որ իշխանություններն օգոստոսի 1-ին անկլավ են ուղարկում 12 տոննա պարենով բեռնված ռազմական ինքնաթիռ, որը պարաշյուտներով կնետի օգնությունը բնակիչներին։
Սննդի ևս 5500 չափաբաժին՝ նախատեսված 11 000 մարդու համար, սպասում է սահմանին։
Իսպանիայի արտգործնախարարը շեշտել է, որ Գազայում Իսրայելի առաջացրած սովը մեղմելու համար տրամադրվող այս օգնությունը «մեկ կաթիլ է օվկիանոսում»։
Նա Իսրայելին հորդորել է բացել բոլոր ցամաքային անցակետերը՝ մարդասիրական օգնության լայնածավալ հոսք ապահովելու համար։
Ալբարեսը նաև կոչ է արել հաստատել հրադադար, որը թույլ կտա բաշխել օգնությունը Գազայում: