Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է...

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: 

Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

 Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: