
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է արձանագրել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն կարողացել են աշխատանք գտնել Հայաստանում։
Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Վարչապետը նշել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար ընթացքի մեջ են բնակարանային ապահովման, աշխատանքի տեղավորման, սոցիալապես առավել խոցելի խմբերի համար իրականացվող սոցիալական ծրագրերը։
«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանում աշխատանք ունեն, աշխատում են, և ես համոզված եմ, որ նաև մեր աջակցությամբ՝ նրանք կտնավորվեն Հայաստանում։ Մենք ամեն ինչ կանենք, որ նրանք զգան մաքսիմալ լիարժեք՝ չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնվում են իրենց հայրենիքում, իրենց տանը, քաղաքացիություն կստանան և վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ»,-ասել է վարչապետը։