ԼՂ մի շարք ղեկավարների՝ Ադրբեջանի կողմից կեղծ...

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին եւ ներկա պետական այրերի ձերբակալությունը:Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև:

«21-րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների եւ միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջեւ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում  ցեղասպանություն, եւ մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։

Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման եւ արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող եւ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է եւ հեռու գնացող նպատակներ ունի։

Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային նշանակություն ունեցող եւ արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարեւոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաեւ ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

Ալիեւյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող եւ չպետք է անհետեւանք ու անպատիժ մնալ»,- ասված է հայտարարության մեջ: