ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստաց...

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը․ ընթացիկ տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

«Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես, այս տարվա հունիսի սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որոնցից շուրջ 12 հազարին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-մանրամասնեց Արմեն Մկրտչյանը։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանի կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու և տարբեր այլ ծրագրեր։