Լրագրողին ոստիկանի կողմից hարվածելու փաստով հ...

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չունենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քասախցիները փորձել են փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում էին, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան: