Համացացնցում արագորեն տարածվում է Աշտարակի միջնադարյան կամրջի հարևանությամբ, Քասախ գետի ափին արված լուսանկար, որում երևում է, որ լողավազան է տեղադրված:
Օգտատերերը դա որակում են վանդալիզմ: Կարծիքներ կան նաև, որ լուսանկարը ֆոտոշոփված է: Politik.am-ը փորձեց մանրամասներ իմանալ պատկան մարմիններից, բայց ապարդյուն: Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից մեզ հետ զրուցեց Ռուզաննա Նալբանդյանը, ով ներկայացավ Կրթության վարչության պետ, ու տեղեկացրեց, թե Մշակույթի վարչության անդամներից որևէ մեկը սենյակում չէ, որ կարողանա մեկնաբանություն տալ. անդամներից մեկը վերապատրաստման է, մյուսը՝ արձակուրդում, մեկն էլ աշխատանքային այցով դուրս է եկել:
Իսկ Աշտարակի քաղաքապետարան մեր զանգերն ընդհանրապես անպատասխան մնացին:
Լողավազանը գտնվում է «Օշականի Հին Ջրաղաց» հանգստյան գոտու տարաքում: Politik.am-ը զրուցեց Ռայա Մարտիրոսյանի հետ, ով ներկայացավ աշխատակից և հանգստյան գոտու սեփականատիրոջ բարեկամուհի: Նա նշեց՝ վերջին օրերին շատ են զանգում մարդիկ, որոնք ներկայանում են մշակույթի գործիչներ, իրենց դեմ էլ «Ֆեյսբուքում» ակցիա է սկսվել: Իր խոսքով՝ լողավազանը որևէ վնաս չի հասցնում կամրջին, ավելին՝ իրենք «լավ են պահպանում մշակութային կոթողը».«Թող էդ զանգողները գան մի օր էստեղ, ես իրենց նույնը կասեմ: Իրենք տեսե՞լ են, որ կամրջից քարեր են թափվում, աղբ են թափում մարդիկ, մենք էդ բոլոր հարցերով զբաղվում ենք»,-նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ լողավազանը շարժական է, բաց է լինում միայն ցերեկվա ժամերին:



