Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ կարևորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և մշտական աջակցությունն ուղղված հայ ժողովրդին՝ շնորհակալաբար նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եղել ամենադժվար օրերին՝ պատերազմական ժամանակաշրջանում, համավարակի դեմ պայքարում, 1988թ․-ի երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ։ Մարզպետն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն սահմանումը։
Արամ Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ նախորդ տարիներին շատ կարևոր համատեղ ծրագրեր են իրականացվել հատկապես զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ողջունել է Լոռու մարզի համագործակցությունը Ֆրանսիայի ՊԱԿԱ (PACA՝ Provence-Alpes-Côte d'Azur) ռեգիոնի հետ։ Նա կարևորել է համագործակցության վերագործարկման ուղղությամբ տարվելիք աշխատանքների իրականացումը՝ դիտարկելով գործակցության ընդլայնման հնարավորությունը՝ ներառելով նաև կրթության և ՏՏ ոլորտները։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի այցը Լոռու մարզ, ինչպես նաև մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության մասնակցությունը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին, որը կկայանա Լիոնում։
Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումները համագործակցության վերականգնման, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման հիմք կհանդիսանան։