Լոռու մարզի Անտառամուտ բնակավայրում բացվել է...

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում 2022 թվականի հուլիսի 8-ին տեղի է ունեցել նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում բացված նախադպրոցական կրթական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը, ինչպես նաև համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Գրիգորիսը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ գյուղական փոքր համայնքներում, կրթության հնարավորություն պետք է ունենա:

«Այլընտրանքային ծառայությունների մոդելը, որն ամենահարմար տարբերակն է դարձել փոքր բնակչություն ունեցող համայնքների համար, ներդրվել է  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Այսօր արդեն պետության միջոցներով ու աջակցությամբ հենց այս մոդելով իրականացվում են  նմանօրինակ կենտրոնների ստեղծման ծրագիր: Անցյալ տարի պետության ծրագրով 10 բնակավայրում այսպիսի կենտրոններ են բացվել: Հարկ է նշել, որ ավելի քան 200 բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ, մինչև 2026 թ. կհիմնվեն նմանօրինակ կենտրոններ: 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկված լինի նախադպրոցական կրթության գործընթացում: Սա հրաշալի համագործակցություն է և կայուն ու շարունակական փոխգործակցության վառ օրինակ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ  Եվրամիությունը ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատում է ավելի լավ ապագա ստեղծել հատկապես մարզերի բնակիչների և երեխաների համար. «Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթության հասանելիություն, և այս հիմնարար իրավունքը պետք հասանելի լինի ամենավաղ տարիքից: Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է: Հենց այդ տարիքում է երեխան ձեռք բերում ունակություններ ու ձիրքեր ամբողջ կյանքի համար: Հուսով եմ, որ այս կենտրոնը համայնքում ձեր գործընկերը կդառնա, կօգնի երեխաների զարգացման հարցում և ինչ-որ կերպ նաև կթեթևացնի ձեր հոգսերը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մարզի և Անտառամուտի ղեկավարությանն արդյունավետ համագործակցության համար:

Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանն ընդգծել է, որ 30 տարվա դադարից հետո իրականություն է դարձել անտառամուտցիների երազանքը. «Բոլորիս հետևողական ջանքերի և ներդրումների շնորհիվ կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է, հագեցվել է մանկական խաղերով և գրականությամբ, արևային ջեռուցման համակարգով, իրականացվել են շարունակական վերապատրաստման ծրագրեր դաստիարակների համար: Ողջունելի է նաև, որ կենտրոնում աշխատելու են մեր համայնքի բնակիչները, ինչը նաև սոցիալականն որոշակի խնդիրներ է լուծում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոն է բացվել նաև Գեղասար բնակավայրում:

Նախադպրոցական ծառայությունների ստեղծումը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ. համագործակցության ծրագրին, այն նպաստում է 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակների իրականացմանը: