Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին հարցին։ Լիտվայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլև Եվրոպայի խորհրդի համար։
Նա հիշեցրել է, որ դեռևս մայիս ամսին ԵՄ-ի նախարարների կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։
«Բացի այդ ողջունվել է երկու պետությունների սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», – իր խոսքում նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում մեծ կարևորություն ունի բարձրագույն մակարդակում քաղաքական կամքի առկայությունը՝ հասնելու խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Գաբրիելիուս Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ վստահության մթնոլորտի և նպաստավոր հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ են կայուն, բաց երկխոսություն և բարի կամքի ազդակներ։«Լիտվան պատրաստ է ներդրում ունենալ նման գործընթացում այնքան, որքան կարող է», – նշել է Լանդսբերգիսը՝ միաժամանակ հավելելով, որ հասկանում է, որ բանակցությունները ներկայում շարունակվում են և այս ընթացքում խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի տարբերակներ են ներկայացվել։
Լանդսբերգիսը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցային գործընթացում կա առաջընթաց, որի շարունակությունը մեծամասամբ կախված է երկու երկրների առաջնորդների բարի կամքից։«Դա է միակ նախապայմանը, որը պահանջվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար», – նշել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ վերահաստատելով իր երկրի աջակցությունն այդ գործընթացին։