Լիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելառուսի հետ սահմանը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։
Շալչինկայի սահմանային անցակետը կփակվի ամբողջությամբ, մինչդեռ Մեդինինկայը կմնա փակ՝ որոշ բացառություններով։
«Այս անցակետով կթույլատրվեն անցնել դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։ Լիտվայի բնակության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի Պետական սահմանապահ ծառայությունը», - կառավարության նիստում հայտարարել է Լիտվայի Ներքին գործերի նախարար Վլադիսլավաս Կոնդրատովիչուսը։
Լիտվայի իշխանություններն այս որոշումը կայացրել են Բելառուսից Լիտվա մտնող մաքսանենգ օդապարիկների պատճառով, ինչը հանգեցնում է օդանավակայանների գործունեության սահմանափակումների։



