Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ ղեկավարը...

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանի պաղապաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու այդ ոլորտում Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ–ից։

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ՝ օրենսդրությամբ սահմանված, պայմաններն ու ցուցումները:

Տնտեսավարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետ հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասակրակության մեջ: Առաջարկն ընդունվել է և, այսուհետ, ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված: