ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հանդես է եկել ելույթով եւ նշել.
«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկու խորապես մտահոգիչ խնդիրների վրա:
Բաքվում վերջերս հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարությունը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Սրանք դատավարություններ էին, որոնք որեւէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ:
ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլեւ գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ: Սա ոչ միայն որեւէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի եւ պատասխանատվության ի սպառ բացակայության նշան է: Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ եւ թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում:
Թույլ տվեք այժմ անդրադառնալ Հայաստանի ներսում ժողովրդավարության անկմանը: Մենք մոտենում ենք 2026 թվականի ընտրություններին այնպիսի պայմաններում, որոնք այլեւս չեն համապատասխանում ազատ եւ արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին:
Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը:
Շինծու մեղադրանքներով ձերբակալվում եւ կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգեւորականներ: Այս անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին:
Սրանք տեսանելի եւ փաստագրված իրողություններ են, որոնք արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպությունները՝ նշելով, որ Հայաստանում արձանագրվել է ընտրական ժողովրդավարության անկում, եւ 2016 թվականից ի վեր որեւէ էական բարելավում չի գրանցվել:
Առավել մտահոգիչ են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները: Վարչապետն անձամբ է պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ խաթարելով եկեղեցու եւ պետության սահմանադրական տարանջատումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ կիրառվել է երկրից դուրս գալու արգելք, ինչը Հայաստանի Հանրապետությունում խղճի եւ կրոնի ազատության կոպիտ խախտում է: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն արձանագրի այս զարգացումներն եւ հանդես գա Հայաստանում կրոնական ազատության ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության դիրքերից:
Որպես Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ ես հավատում եմ քաղաքական մրցակցությանը եւ ժողովրդավարական ապագային: Սակայն, ժողովրդավարությունը չի կարող գոյատեւել բռնաճնշումների պայմաններում: Հետեւաբար, կոչ եմ անում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին ուշադիր հետեւել զարգացումներին, ճշմարտացիորեն զեկուցել դրանց մասին եւ պաշտպանել ազատության, բազմակարծության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքները:
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի: Ձեր սկզբունքային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի այդ ապագան պաշտպանելու համար»:



