«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16...

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը:

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն»,- ասաց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը հնարավոր է Որոտան, Արփա գետերի վրա, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի:

«Ընկերությունը երեկ ծանոթացել է եզրակացության հետ, մինչ այդ՝ նախաքննության ընթացքում, ներգրավված են եղել որպես կողմ և աշխատել փորձագետների հետ: «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն կիրառվում է, 5-ը պատրաստ են հետագայում կիրառել: Մեղմման մեկ միջոցն է, որ դեռ քննարկվում է: Համաշխարհային բանկից «Լիդիան» ՓԲԸ-ն գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի գործունեությունը AFC ստանդարտին: Դա նախատեսում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառեն: Փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ 100 տարուց ավելի մեղմման միջոցների կիրառումից «Լիդիան»-ը չի հրաժարվում, եթե դրա անհրաժեշտությունը հետագայում կլինի:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց.

«Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք որևէ եզրակացության»,- ասաց Փաշինյանը: