«Լիդիան Արմենիա»-ի 12,5 տոկոս բաժնետոմսերը կա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը:

Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական 100 տոկոս 5 հազար դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5%-ին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվում է էկոնոմիկայի նախարարությանը։

Միաժամանակ, որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին հանձնարարված էր մեկամսյա ժամկետում «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել Որոշմամբ նախատեսված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը։

Հարկ է նշել, որ մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը նախատեսված էր Որոշմամբ սահմանված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը, սակայն գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պայմանագրի կնքումը նշված ժամկետում չի իրականացվի։

Հաշվի առնելով վերագրյալը, նախագծով առաջարկվում է պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի30-ը։