Լիբանանում կքննարկեն երկրի հարավից Իսրայելի զ...

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավից իսրայելական զորքերը դուրս բերելու և լիբանանյան խմբավորումների զենքը երկրի բանակին հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը քննարկելու մասին: Այս մասին հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը:

«ԱՄՆ-ն ներկայացրել է առաջարկության նախագիծ, որը Լիբանանը կվերափոխի և շուտով կներկայացնի նախարարների կաբինետին։ Առաջնահերթ պահանջների թվում են Իսրայելի կողմից անհապաղ հրադադարը, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը, գերիների ազատ արձակումը և խմբավորումներից, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ից, առգրավված զենքի փոխանցումը բանակին», - ասել է Աունը Պաշտպանության նախարարությունում ելույթում։

Աունն ընդգծել է պետության կողմից զենքի օգտագործման մենաշնորհը վերականգնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ լիբանանյան բանակն արդեն իսկ իշխանություն է հաստատել Լիթանի գետից հարավ ընկած շրջանում և լի է առաքելությունն ավարտելու վճռականությամբ։

Նախագահը նաև մեղադրել է Իսրայելին հրադադարի ռեժիմը  խախտելու և Լիբանանի ինքնիշխանությանը միջամտելու մեջ։

Բացի այդ, Աունը հաստատել է կառավարության հանձնառությունը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում. դրա հետ մեկտեղ խորհրդարանում քննարկվում են ընտրական օրենսդրության բարեփոխումները։

Իր ելույթում Աունը նաև նշել է, որ ոչ կառավարական կազմավորումների զինաթափումը պետք է իրականացվի՝ լիբանանյան հողում արյունահեղությանը վերջ դնելու համար։ Լիբանանը նաև բարեկամ երկրներից 10 տարվա համար տարեկան 1 միլիարդ դոլարի չափով օգնություն է խնդրել բանակին և անվտանգության ուժերին աջակցելու նպատակով։