
Լիբանանի կառավարությունը պետք է իրականացնի ոչ կառավարական կազմավորումների զինաթափումը ՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը՝ երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առիթով հանդես գալով ուղերձով:
«Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը կործանումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կուսակցությունները, ներառյալ «Հեզբոլլահ», պետք է իրենց մոտ եղած զենքը հանձնեն լիբանանյան բանակին», - ընդգծել է գեներալ Աունը: Նրա խոսքով՝ այդ քայլը կնպաստի ազգային ինքնիշխանության վերականգնմանը Լիբանանի ամբողջ տարածքի նկանմամբ:
Նա հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում պահանջել է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում օդում, ցամաքում և ծովում: «Մենք կձգտենք հասնել իսրայելական զորքերի հետքաշման՝ մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև գերիների ազատման», - նշել է նա:
Աունը հույս է հայտնել, որ բարեկամ պետությունները կշարունակեն աջակցություն ցույց տալ Լիբանանի բանակին, որը տարեկան 1 միլիարդ դոլար գումարի օգնության կարիք ունի։ «Մենք այս աշնանը սպասում ենք դոնորների միջազգային խորհրդաժողովի անցկացմանը, որը նվիրված կլինի Լիբանանի հետպատերազմյան վերականգնմանը», - հայտնել է նա: