Երեւանի ավագանու երեկվա նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ են գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» են Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Դավիթ Դավթյանին պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։
Ալեքսանյանի և նրա ընտանիքի շահերը սպասարկելու այս պատմությունը հատկապես հետաքրքրական է Տիգրան Ավինյան քաղաքապետի պարագայում։ Ավինյանը մարդ էր, որ ժամանակին մասնակցում էր Փակ շուկայի քանդման դեմ ակցիաներին և դժգոհում էր Սամվել Ալեքսանյանի համար դոշ տվող հաստավիզներից։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Ավինյանը բղավում է՝ «Լֆիկի ստրուկ եք բոլորդ», որին հաջորդում է իր նկատմամբ ստրուկներից մեկի կողմից բռնության գործադրումը։
Եվ ահա անցել են տարիներ ու այդ նույն Սամվել Ալեքսանյանի համար, Ավինյանի ղեկավարած կառույցում, հրատապ նիստ են հրավիրում, որպեսզի վերջինիս փեսան ստանա բաղձալի շինթույլտվությունը։
Ինչպես դասականն էր ասում․«այսպես եք անում, որ խիյարը թարս է բուսնում»։ Մի օր դու ես դժգոհում «Լֆիկի ստրուկներից», իսկ մեկ այլ օր ինքդ ես դառնում «Լֆիկի ստրուկ»։



